Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
30.09.2011 | 00:00

ԲԱՑ ՆԱՄԱԿ
«Բարեփոխումների հաջող ընթացքի համար պետք է «չվախեցած սերունդ».
Ալեքսանդր Երկրորդի ռեֆորմները նախագծող Միքայել

ԼՈՌԻՍ-ՄԵԼԻՔՈՎ

2002-ի եվրոպական CPT-ի դիտորդների խմբի կատարած հետազոտությունների արդյունքում, 2004 թ. հուլիսի 28-ին հրապարակվեց ՀՀ-ից պահանջվող ցուցակ։ Նրանում առկա էին ցմահ դատապարտյալների վերաբերյալ ավելի քան հստակ պահանջներ։ Եզրակացնելով, որ CPT-ն պահանջում էր նախ ցմահ դատապարտյալների գործերի վերանայում և նոր արդարացի դատավճիռների կայացում, ինչպես նաև ցմահ դատապարտյալների պահման կարգի արմատական վերանայում` իր դիտողությունների համաձայն (218), այս պահանջներն ընդգրկվեցին Եվրախորհրդի պահանջների ցուցակում։ 2004 թ. հունվարի 27-ի ԵԽ թիվ 1361 որոշման 17 հոդվածում և 2004 թ. հոկտեմբեր 7-ի 1405 որոշման 11 հոդվածում Հայաստանի կառավարությունից պահանջվում էր CPT-ի պահանջների իրականացում։
2009 թ. հունիսի 26-ին ՀՀ մի շարք քաղաքացիներ 13 հազարից ավելի ստորագրություններով մի դիմում հանձնեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ցմահ դատապարտյալների գործերի վերանայման և արդարացի նոր դատավճիռների կայացման համար ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու խնդրանքով։ Մասնավորապես առաջարկվում էր ընդգծել 15 տարվա ազատազրկումը 20-ով փոխարինելու կարևորությունը, քանի որ օրենսդրական այս բարեփոխման արդյունքում նաև ցմահ ազատազրկման վճիռները նշանակալիորեն նվազ հաճախակի ու կամայական կդառնան։ «Հնարավոր կլինի 80 (այժմ արդեն հարյուրից ավելի) ցմահականների գործերի վերանայումը, ինչը թույլ կտա պարզել, թե իրո՞ք նրանցից ոչ մեկի պատիժը չափազանցումներ չի պարունակում։ Կարծում ենք, որ այս առաջարկությունները տեղավորվում են նաև դատաիրավական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում,- շեշտել էին դիմումի հեղինակներն ու հավելել։- Հարգարժան պարոն նախագահ, սույն առաջարկությամբ ցանկանում ենք ավելի արդար Հայաստան կերտելու Ձեր ջանքերին մեր մասնակցությունը բերել, քանի որ հավատում ենք Ձեզ»։
ՀՀ նախագահի դրական արձագանքը չուշացավ։ Ընդառաջելով հասարակության բարձրացրած այս խնդրին` 2011-ի մայիսի 25-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, ըստ որի` որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի` նախկին 15-ի փոխարեն։ Հենց այս օրենսդրական ակտն էլ ցմահ դատապարտյալների գործերի վերանայման և նոր արդարացի դատավճիռների կայացման բացառիկ հնարավորություն տվեց։ Նախադեպը չունեցող այս էական փոփոխությունը դատաիրավական ոլորտում տարբեր և իրարամերժ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ։ Նախ, ըստ բոլշևիկյան ժառանգականության, ցմահ դատապարտյալի ճակատագրի սահմանման եզրը հատվում էր մինչև նրա կյանքի վերջը բանտում անցկացնելու և բանտում էլ մահանալու պարտադրանքով, մյուս կողմից, ըստ եվրոպական չափանիշների, ցմահը դիտվում է որպես դատապարտյալի ուղղման և նրան վաղաժամկետ ազատման պատրաստելու կարևորությամբ։ Եվ հենց այս հակադիր կոնտեքստերից էլ բխում են օրենքի իրարամերժ մեկնաբանությունները` անտեսելով, ըստ էության, օրենքի տառն ու ոգին։
Ըստ ԱՆ աշխատակազմի ՀԻԱ վարչության պետ Ա. Հովհաննիսյանի` 2011-ի հունիսի 9-ին մեզ ուղղված թիվ 4115-11 թվակիր նամակի` օրենքը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թ. մայիսի 23-ի NՀՕ-143-Ն ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով խստացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված պատժաչափը, իսկ համաձայն ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի` «Պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի»։ Հետևաբար, նաև պատժաչափերի վերանայման անհրաժեշտությունը բացակայում է։ Հակառակ այս կամայական մեկնաբանությանը` ՀՀ դատարաններն իրենց վարույթներ են վերցրել ցմահ դատապարտյալների գործերը` վերանայելու և նոր վճիռներ կայացնելու համար։ Մինչդեռ գործող քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ անձի վիճակը բարելավող օրենքը նույնպես ունի հետադարձ ուժ։ Հետևաբար, ցմահ դատապարտվածների պարագայում հիշյալ օրենքը նախատեսում է բարելավում և այն միանշանակ մեղմացում է, քանի որ մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն, ուստի գործերի վերանայման գործընթաց պիտի սկսվի, որն արդեն իսկ սկսված է, իսկ դրա իրավագիտական տրամաբանությունը պիտի սահմանվի այն իրողությամբ, որ եթե ներկայիս դատապարտյալները դատապարտվեին հիշյալ օրենքի ընդունումից հետո, ապա նրանց արարքին համարժեք կարող էր լինել ոչ թե ցմահ ազատազրկումը, այլև մինչև 20 տարվա պատժաչափը, ինչպես նախատեսում է ներկայիս փոփոխությունը, և որի մասին էլ մինչ օրենքի ընդունումն իր հարցազրույցներում ակնարկում էր ՀՀ գլխավոր դատախազը։
Մինչդեռ սկսված դատավարական գործընթացներում ավելի քան հստակ է, որ հաճախ առանց դատապարտյալների և նրանց փաստաբանների ընթացող զավեշտալի դատավարություններն ավարտվում են նոր դատավճիռներով` հին դատավճիռները թողնելով անփոփոխ։ Նորանկախ Հայաստանի գոյության այս երկու տասնամյակի` բոլշևիկյան ժառանգության կենսափորձով հարստացած դատաիրավական կոռումպացված համակարգում հնարավոր չէ խուսափել դատական բացերից, կամայականություններից ու սխալներից։ Ի դեպ, «անսխալական» ԱՄՆ-ում վերջին 10 տարիներին գործերի վերաբացման արդյունքում ազատություն է ստացել 260 դատապարտյալ, որոնցից 170-ը` ցմահ դատապարտյալներ։
Դատաիրավական համակարգում բարեփոխումներն իրականացվում են միայն և միայն բոլշևիկյան կենսափորձի շրջանակներում, ուր արձանագրվում են միայն հետընթաց և կոռուպցիոն ռիսկերի ավելացում։ Կենսափորձը ոչ միայն չի փոփոխում, վերափոխում կամ բարեփոխում, այլև արմատավորվում են մինչ այդ նշած դոգմատիկ գաղափարներն ու հասկացությունները։ Այն, ըստ էության, մի նեղ սահմանագիծ է, որն արգելում է ժամանակի պահանջների բավարարման ինտելեկտուալ փորձառությունը։ Ինտելեկտուալ փորձառությունը բացարձակապես մերժում է կենսափորձի արդյունքում առաջացած կեցության անօրգանական վիճակը, ստեղծելով մի նոր որակական իրադրություն, որն իսպառ բացակայում է կենսափորձի շրջանակների մեջ։ Կենսափորձի շրջանակներում բարեփոխումներն իրականացնելու ամենավառ օրինակն է «բարեփոխիչների» ոչ միայն ցեղային ոգու և դրանից բխող ազգային պետական մտածելակերպի բացակայության, այլև վախեցած մի «ինստիտուտի», որի հիմքում արմատավորապես նստած է ստրուկը։ Մի իրողություն, որն անհամատեղելի է դատաիրավական ոլորտում ՀՀ նախագահի որդեգրած քաղաքականության հետ։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-Դրո-ի գործով մահվան դատապարտված
Հ. Գ. -Սույն նամակի հրապարակման համար լիազորված եմ գրեթե բոլոր ցմահ դատապարտյալների կողմից։
26 սեպտեմբերի, 2011 թ.

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ